Խորվաթիայում մեկնարկած Եվրոպայի համալսարանական մարզական երրորդ խաղերին մասնակցող Հայաստանի ֆուտզալի թիմը՝ ՀՏՊՀ-ն, արդեն մրցել է Իսրայելի ներկայացուցիչների հետ (F խումբ) ու արձանագրել ոչ-ոքի արդյունք՝ 2:2: Նշենք, որ ՀՏՊՀ-ն ներկայացնող Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը երկրի վերջին երկու տարիների չեմպիոնն է: Մերոնցից գոլերի հեղինակ են դարձել Սարո Գալստյանն ու Անդրանիկ Կարապետյանը: Երեկ մերոնց մրցակիցն էր Սիբիրի համալսարանի թիմը:
Խաղերին մասնակցում են նաև մեր շախմատիստները: Ի դեմս Հովհաննես Գաբուզյանի ու Զավեն Անդրիասյանի, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ընտրանին լավագույնն էր թե՛ թիմային, թե՛ անհատական մրցելույթներում: Գաբուզյանը հաղթել է արագ, Անդրիասյանը՝ կայծակնային շախմատում: Վերջինս երկրորդն է եղել արագ շախմատում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ